Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հայոց տնտեսական մշակույթի տեսաբան, գրող, հրապարակախոս ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԻ «Հայոց տնտեսական ցեղասպանություն» փաստերի ժողովածու գրքի շնորհանդեսը:
Գիրքը hեղինակի 16-րդ աշխատությունն է` կառուցված պատմական հավաստի, ստույգ, միևնույն ժամանակ հանրության լայն շրջանակներին գրեթե անհայտ փաստերի հիման վրա:
Ազգային գրադարանի հանրության հետ կապերի, միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ գիրքն ամփոփում է հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև 1915 թվականը, ունևոր դասի ընչազրկումն ու սպանդը, տնտեսական բնագավառի 67 առավել նշանավոր անձանց կենսագրությունը, 48 ֆինանսաբանկային հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ և տնտեսական միություններ: Բանախոսի բնորոշմամբ` ժողովածուն յուրատեսակ տնտեսական պատմագիրք է, այն վերաբերում է հայոց տնտեսական ցեղասպանությանը, որը լռության է մատնված. «Ճշգրիտ բնորոշմամբ չի անվանվում Մեծ եղեռնի այդ կարևոր բաղադրյալը, ուղեկիցն ու շարժառիթներից մեկը: Հայերի ներդրումը Օսմանյան Թուրքիայի տնտեսությունում անչափ էական է իր նշանակությամբ, ծավալներով ու ընդգրկմամբ: Այնինչ մեր ժողովրդի այս ողբերգական էջը գրեթե ուսումնասիրված չէ: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների մեծ մասը անտեղյակ է իր նախնյաց կորուստներին: Հայ ժողովուրդն ունի Թուրքիայից թե՛ հավաքական, թե անհատական պահանջներ»:
Խաչատուր Դադայանի փոխանցմամբ` գրքում զետեղված են նաև 482 պատմական լուսանկարներ, քարտեզներ, սխեմաներ, դիմանկարներ, համայնապատկերներ, որոնք պատմական փաստաթղթերի արժեք ունեն: Օգտվել է 116 աղբյուրից: Յուրաքանչյուր գործարան, արտադրական ձեռնարկություն առանձին ուսումնասիրության նյութ է, բայց հեղինակը նպատակ է ունեցել գոնե ամբողջական պատկերացում տվող մի ժողովածու ստեղծելու: Նրա խոսքով` գրքի արժանիքն այն է, որ սա զուտ փաստերի ժողովածու է, որի հետ շատ դժվար է լինելու մեր ընդդիմադիրներին: Հիմնական ուշադրությունը դարձրել է վաճառականական դասին, որովհետև դա ամենափոքրաթիվ, բայց ամենաունևոր խավն էր, ու այս ունևոր խավը դարձել է թուրքական ցեղասպանների հիմնական թիրախը: Ընչազրկելով այս խավը՝ լուծել են մի քանի խնդիր, առաջինը` միջոցներ են հայթայթել պատերազմը վարելու, շարունակելու համար: Գրքում կան նաև ժողովրդագրական ու վիճակագրական տվյալներ, եկեղեցիների, դպրոցների անվանումներ, որոնք կառուցել, պահել ու պահպանել են ունևոր մարդիկ:
«Գիրքս ունի նաև մեկ այլ նպատակ. ես առաջարկում եմ դատաիրավական հետաքննում սկսել Թուրքիայի դեմ: Ինչպե՞ս: Վերջին տարիներին բազմաթիվ գրքեր են լույս տեսել, բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Ամերիկացիները, եվրոպացիները, թուրքերը, բոլորը, չգիտես ինչու, հետաքրքրվում են հայոց ֆինանսանյութական կորուստներով, և միայն մենք ենք, որ չենք զբաղվում դրանով»,- ասաց Խաչատուր Դադայանը, նշելով նաև, որ մենք այսօր սփյուռքում ունենք վերապրածների չորրորդ սերունդ, որը հայերեն չգիտե, ունի այն երկրների կողմնորոշումները, որտեղ ինքն ապրում է, և չգիտե իր նախնյաց ունեցվածքի ու ֆինանսանյութական կորուստների մասին: Որպեսզի գիրքը հասանելի լինի բոլորին, ցեղասպանության զոհերի ժառանգները տեղեկանան իրենց պապերի ունեցվածքի մասին, գրքի հեղինակը և հրատարակիչը նպատակ ունեն միջոցներ հայթայթելու, գիրքը թարգմանելու անգլերեն ու էլեկտրոնային տարբերակով տեղադրելու համացանցում:
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ունի հոդված, որը կոչվում է սեփականության պաշտպանություն: Այդ հովածն ունի երկու մաս առաջինը՝ անհատի ունեցվածքի պաշտպանությունը, երկրորդ մասը պետական շահն է պաշտպանում: Պետությունն իրավունք ունի անհատի ունեցվածքը վերցնելու, փոխհատուցում տալու և օգտագործելու հանրային շահերի համար: Մեր պարագայում գրքում կան բազմաթիվ փաստեր, որ հանրային շահերի համար չի ծառայել խլվածը, այլ կատարվել է սեփականատիրոջ բռնի փոփոխություն»,- ասաց Խաչատուր Դադայանը, հորդորելով չվախենալ հայցադիմում ներկայացնելուց, դատավարության ընթացքում պարտություն կրելուց: Այդ ընթացքում փաստաբանների միջոցով կխոսեն, կասեն, թե ինչի համար է կատարվել սեփականատիրոջ բռնի փոփոխություն: Ցեղասպանությա՛ն հետևանքով:
Հրապարակախոս-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ վստահեցրեց, որ «Հայոց տնտեսական ցեղասպանություն» գիրքը կդառնա մերօրյա Աստվածաշունչ հայոց տնտեսության ոլորտում, իրավական և իրավաբանական նման հանձնաժողովներում աշխատանք անողների համար. «Լավ կլիներ, որ այս գիրքը 2015-ին հրատարակվեր, բազմաթիվ լեզուներով թարգմանվեր ու տրվեր Հայաստանի յուրաքանչյուր օտարահպատակ պատվիրակի, որպեսզի իմանան հայության կորուստների մասին»: Սարգիս Հացպանյանն իբրև օրինակ նշեց, որ հրեաները մինչ օրս դատի են տալիս, փոխհատուցում են պահանջում այն երկրներից, որտեղ եղել են իրենց պապերը` Լեհաստան, Չեխիա, Ռումինիա, Հոլանդիա, Անգլիա. «Իսրայելի միայն իրավաբանական գործողությունների շնորհիվ թե ինչքան մուտք է լինում այդ երկիր, կզարմանաք: Երևի իրենց բյուջեի մի շատ կարևոր մասը գալիս է այդտեղից»: Սարգիս Հացպանյանի համոզմամբ` պահանջներ ներկայացնելու, հաջողության հասնելու համար նախ և առաջ պետք է ամուր պետություն ունեալ:
«Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշեց, որ այս գրքի պետական ֆինանսավորումը երկու անգամ մերժվել է, չգիտես ինչու մեր երկրի մշակույթի պատասխանատուները համարել են, որ այն պետք չէ. «Խաչատուր Դադայանն իր թափած քրտինքից ոչինչ չի ստացել, ես` նույնպես, բայց բավարարված եմ շատ»: Հրատարակիչը տեղեկացրեց, որ գիրքը վաճառքում կա, գրախանութային տոկոսներ չեն լինելու: Գրքի վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն անգլերեն թարգմանությանը: Եթե աջակիցներ լինեն, շնորհակալ կլինեն:
Գրքի նյութերի 52 թողարկում տպագրվել է «Իրատես» թերթում (2014 ապրիլի 24-ից մինչև 2015-ի ապրիլի 24-ը): Արխիվային նյութերի որոնման, թվայնացման հարցում հեղինակին մեծապես օգնել են ազգային գրադարանի տնօրենն ու աշխատակիցները: Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Տպագրությունն իրականացրել է «Ոսկան Երևանցի» տպարանը: Գրքի տպագրման ծախսերը հոգացել է գործարար Բարսեղ Բեգլարյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ